Ներկա պահին Ռուսաստանը ձգտում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եւ զուգահեռ կարգավորում սկսել: Այդ մասին վկայում է Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ կողմերը պայմանավորվեցին երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկները ոչ թե Մինսկի խմբին, այլ Ռուսաստանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանը չի կարողանա հասնել խնդրի զուգահեռ կարգավորմանը, ավելի շուտ ձգտում է որքան հնարավոր է երկար ձգձգել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը: «Վերը նշված հարցերը կլուծվեն մոտակա շաբաթների ընթացքում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների շրջանակներում»,- ընդգծեց նա:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք կարելի է ԼՂՀ նախագահի հետ ԵԱՀԿ նախագահի հանդիպումից եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնում է բանակցային գործընթաց, Շահնազարյանը նկատեց, որ չի կարելի նման եզրակացություն կատարել զուտ այն պատճառով, որ ԵԱՀԿ ղեկավարը դրանից հետո Ադրբեջանում հանդիպել է նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ: