18 փետրվարի 2010 - 20:01 AMT
Համաշխարհային բանկը սկսել է Հայաստանին օգնելու նոր ռազմավարություն մշակել


Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ <b>Հովիկ Աբրահամյանն</b> ընդունեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն <b>Ասադ Ալամին</b> եւ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց Համաշխարհային բանկի եւ Ազգային ժողովի միջեւ համագործակցության ակտիվացումը եւ շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի կարողությունների հզորացման ծրագրին աջակցության համար, որը տրամադրվում է պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի շրջանակներում: Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց Համաշխարհային բանկի Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը եւ այդ համատեքստում կարեւորեց ՀՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, մասնավորապես, Հայաստանին հատկացված դրամավարկային միջոցները երկրի տնտեսության համար լավագույնս օգտագործելու առումով:

Նա ընդգծեց� համաշխարհային� ‎ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը,� տնտեսության առողջացմանն, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաեւ կրթական, առողջապահական համակարգի արդիականացման, գյուղատնտեսության զարգացման, ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի վերականգնման, սոցիալական ապահովության եւ այլ ոլորտներում ՀԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարեւորությունը:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին Համաշխարհային բանկի հետ ակտիվ ու մշտական համագործակցության համար` Ալամը նույնպես կարեւորեց ՀԲ-ՀՀ ԱԺ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրեց, որ ՀԲ-ն սկսել է Հայաստանին օժանդակության նոր ռազմավարության մշակումը եւ շահագրգիռ է խորհրդարանի ու ԱԺ նախագահի հետ այդ խնդրով համագործակցությամբ:

Պարոն Ալամը գոհունակությամբ նշեց, որ վերջին 10-15 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության առումով Հայաստանը լավագույն երկրներից մեկն է համարվում: ՀԲ տարածաշրջանային տնօրենը կարեւորեց Թուրքիայի հետ սահմանի բացումը, որը էապես կնպաստի տարածաշրջանի եւ Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Հայաստանում համաշխարհային ‎ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերին: