ՀԱԿ-ի երիտասարդական թեւի բողոքի ցույցը, Երեւանի կենտրոնական փողոցներով երթից հետո, ավարատվել է ԿԸՀ-ի շենքի մոտ` 5 ակտիվիստների ձերբակալությամբ: Ցուցարարները ԿԸՀ-ի մոտ կարճատեւ հանրահավաքի ընթացքում պահաջեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարության հրաժարականը:
Ինչպես լրագրողներին է ասել ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, անմիջապես հանրահավաքից հետո ձերբակալվել են 5 ակտիվիստներ` Սարգիս Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը, Տիգրան Առաքելյանը, Վարագ Նահապետյանը եւ Սերգեյ Գասպարյանը: «Տվյալ պահին նրանք գտնվում են ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում եւ հայտնի չէ, թե երբ ազատ կարձակվեն»,-ասել է Կարապետյանը:
ՀԱԿ-ի ներկայացուցիչն ասել է նաեւ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի աշխատակիցներն արդեն գտնվում են ոստիկանության բաժնում իրավիճակը պարզելու նպատակով:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալը, ՀԱԿ-ի ակտիվիստները ձերբակալվել են անվայել արտահայտությունների եւ ոստիկանների հասցեին հնչած վիրավորանքների համար:--ԿԱ--