Փետրվարի 15-19-ն աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ՆԱՏՕ-ի փորձագիտական թիմը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործնական ծրագրի 2009թ. գնահատման նպատակով:
ՆԱՏՕ-ի փորձագիտական թիմը կազմված էր ՆԱՏՕ-ի Պաշտպանական քաղաքականության պլանավորման, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման, Միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներից: Գնահատումը իրականացվում էր հետեւյալ թեմաներով` քաղաքական հարցեր, հարաբերություններ հարեւանների հետ, դատական բարեփոխումներ, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն եւ ժողովրդավարական հաստատությունների կառուցում, մարդու իրավունքների հիմնարար հարցեր, պայքար միջազգային ահաբեկչության դեմ, կիբերանվտանգության հարցեր, պայքար հանցավորության եւ մարդկանց ապօրինի առեւտրի դեմ, պաշտպանական եւ անվտանգության հարցեր, քաղաքացիական պաշտպանության եւ ճգնաժամային կառավարման բարեփոխումներ, հանրային դիվանագիտություն, գիտություն հանուն խաղաղության ծրագրեր:
Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը, որտեղ ներկայացվել են գնահատման նախնական արդյունքները: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը դրական է գնահատել Հայաստանի կողմից Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում ամրագրված միջոցառումների կատարումը 2009թ. ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: