22 փետրվարի 2010 - 20:17 AMT
Արթուր Բաղդասարյանն ու Անն Գանզերին քննարկել են Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման խնդիրները


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 22-ին ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Անն Գանզերին: Ինչպես հաղորդում է ԱԱԽ մամլո ծառայությունը, քննարկվել են Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ սահմանային անվտանգության ապահովման խնդիրները:

Հյուրերի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Կարեւորվել է Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարության մշակումը եւ իրականացումը` միջազգային չափանիշներին համապատասխան, հիմնահարց, որը ներառված է նաեւ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) ծրագրում: