Փետրվարի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ խորհրդարանում ներկայացրեց «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ներմուծելու մասին օրինագիծը: Նալբանդյանի խոսքով, այդ օրինագծով միջազգային պայմանագիրը ստորագրման գործընթացում դադարեցնելու առնչությամբ ներքին պետական ընթացակարգերի ճշգրտում է նախատեսվում:
Ինչպես նկատեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ՀՀ-ն իրավունք ունի չմիանալու միջազգային պայմանագրին մինչեւ դրա ստորագրման գործընթացի ավարտը: «Այդ օրինագծով Հայաստանը իրավական հիմք կունենա դուրս գալու պայմանագրից դրա ստորագրման բոլոր փուլերում»,- ընդգծեց Նալբանդյանը:
Պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին այն մասին, թե արդյոք կարելի է այդ օրինագիծը դիտարկել Թուրքիայի կողմից գործընթացի ձգձգման դեպքում Հայաստանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը դադարեցնելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության առնչությամբ, Նալբանդյանը դրական պատասխան տվեց: Նա նշեց նաեւ, որ օրինագծով մատնանշվում են կոնկրետ պետական գերատեսչությունները, որոնք կարող են միջազգային պայմանագրերի դադարեցման մասին նախաձեռնությամբ հանդես գալ: «Արձանագրությունները նույնպես միջազգային պայմանագրեր են, եւ եթե նման անհրաժեշտություն լինի, ապա դրանց հանդեպ նույնպես կարող են կիրառվել այս օրինագծի կետերը»,- պարզաբանեց Նալբանդյանը: