Ղարաբաղյան հակամարտության հարցը պարբերաբար ակտիվանում է միջազգային կազմակերպություններում, եւ ես չեմ կարծում, թե որեւէ նոր գործընթաց է սկսվել: Պարզապես մենք դրան ավելի շատ ուշադրություն ենք սկսել հատկացնել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ընդ որում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի աշխատանքի վերսկսման հարցին,Հարությունյանն ասաց, որ այդ հարցը մշտապես ԵԽԽՎ Բյուրոյի օրակարգում է, բայց զանազան պատճառներով հետաձգվում է:
Հարությունյանը հաղորդեց, որ ԵԽԽՎ-ում ստեղծվել է հակամարտությունների կանխման ենթակոմիտե, որի գործունեությունն այժմ միայն նախնական փուլում է գտնվում: Նրա խոսքով, այդ կառույցը, ամենայն հավանականությամբ, կխանգարի, քան կնպաստի հակամարտությունների լուծմանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում 2008 թվականի մարտի դեպքերի վերաբերյալ բարեփոխումների առանձին քննարկման հարցին` Հարությունյանն ասաց, որ պատճառ չի տեսնում Վեհաժողովում այդ հարցն առանձին քննարկման առարկա դարձնելու համար: «Նման որոշումը կախված է այն բանից, թե արդյոք Բյուրոն հատուկ զեկույցի վերաբերյալ լսումներ կնշանակի»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, այդ հարցը կարող է դիտարկվել միայն Հայաստանում ընդհանուր մոնիթորինգի համատեքստում: