ՀՀ ԱԺ նախագահին հասցեագրված «Ժառանգության» դիմումը, որով պահանջվում էր Արձանագրությունները քննարկել բոլոր մշտական հանձնաժողովներում, մերժվեց: Այդ մասին փետրվարի 23-ին խորհրդարանական նիստերի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ըստ Սաֆարյանի, ՀՀ ԱԺ բոլոր հանձնաժողովները նույնպես մերժեցին «Ժռանագության» այս առաջարկը: «Սակայն դա զարմանալի չէ Սերժ Սարգսյանի Chatham House-ում արված հայտարարության ֆոնի վրա` այն մասին, որ եթե Թուրքիան վավերացնի Արձանագրությունները, Հայաստանը նույնպես դա կանի»,-ասել է նա:
Ինչպես ասել է Սաֆարյանը, քանի որ Արձանագրությունները շոշափում են երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտները, օրենսդիր մարմինը պետք է իր քաղաքական գնահատականը տա այդ հարցին: Նա հավելել է նաեւ, որ հենց որ Արձանագրությունները քննարկման դրվեն խորհրդարանում, «Ժառանգությունը» կպահանջի, որ քննարկումները հեռարձակվեն ուղիղ եթերով: