«Հայագիտական ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը արդեն 10 տարի զբաղվում է մինչեւ 1920 թ-ի հայկական պարբերականների եւ հայ հնատիպ գրքերի թվայնացմամբ ու մատենագրությամբ (նաեւ Հայաստանի եւ հայերի մասին պատմող այլալեզու գրքեր):
Կենտրոնի ծրագրերից մեկի նպատակն է ստեղծել հայ հնատիպ գրքերի զարդարվեստի լիարժեք կատալոգ, որը հնարավորություն կտա գիտական ուսումնասիրություններ անցկացնել տվյալ ոլորտում, եւ հետագայում հրատարակել մի շարք պատկերազարդ գրքեր:
«XVI դարում հայ մշակութային կյանքում տեղի ունեցավ չափազանց կարեւոր իրադարձություն` հայկական տպագրության սկզբնավորումը: 1512-1800 թթ. հայերեն գրքեր հրատարակվեցին աշխարհի 28 քաղաքներում, իսկ հետագա 50 տարիների ընթացքում այդ թիվը հասավ 35-ի: Տպագրական արվեստի տեսանկյունից առավել հետաքրքրական շրջանը առաջին երեք հարյուր տարիներն են, երբ տպագրվեցին ավելի քան 1106 անուն հայերեն գրքեր, որոնցից 120-ը Կենտրոնի սեփականությունն է: Մնացած գրքերը պահվում են տարբեր գրադարաններում, Հայաստանի եւ այլ երկրների թանգարաններում: Այս շրջանում հայ տպագրիչները ձգտում էին իրենց հրատարակած գրքերը նմանեցնել ձեռագիր մատյաններին, քանի որ տպագիր գիրքը նոր երեւույթ էր եւ պետք է ընկալելի լիներ մարդկանց կողմից: Այդ գրքերը հարուստ են ձեւավորման շքեղ տարրերով` կիսախորաններով, գլխազարդերով, վերջնազարդերով, լուսանցազարդերով, զարդագրերով եւ այլն: Եվ եթե մենք այս ամենը չներկայացնենք հասարակությանը, ապա դա կդառնա ոչ ազդեցիկ թանգարանային նմուշ», - պատմել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Կենտրոնի ղեկավար Գեւորգ Ներսեսյանը: �
Նա նաեւ նշել է, որ արդեն մշակված է ավելի քան 100 հայ հնատիպ գիրք:�
«Մյուս ծրագիրը ուղղված է հայկական պարբերականների մատենագրական կատալոգի ստեղծմանը: Այդ գործի համար մշակված է համակարգչային ծրագիր, որը ապահովում է հոդվածների մասին լիարժեք տեղեկատվություններ: Հայտնի է, որ հայկական պարբերական մամուլն ունի ավելի քան 200-ամյա պատմություն: Այդ ժամանակահատվածում ավելի քան 3100 անուն պարբերական հրատարակվել է 41 երկրի 250 քաղաքներում: Դա մեծ պատմական ժառանգություն է: Արդեն մշակված է ավելի քան 500 պարբերական», - ասել է Ներսեսյանը:
Կատարվել է մեծ աշխատանք, սակայն այդ ծրագրի ավարտի համար հայ տպագիր գրքի 500-ամյակին, մեր կենտրոնը աջակցության կարիք ունի:
«Մշակույթի նախարարությունը թույլ տվեց մեզ մուտք գործել հանրային եւ գիտական գրադարաններ: Դա աջակցություն է, սակայն միակը: Մենք օգտագործում ենք միայն մեր միջոցները: Մինչ այդ նոր տեխնիկայի եւ ֆինանսական աջակցության առկայության դեպքում մենք կկարողանանք ծրագրերն ավարտին հասցնել 2010 թ-ին: Հակառակ դեպքում մեզ պետք է եւս 10 տարի», - ընդգծել է Ներսեսյանը:
Նա նաեւ հաղորդել է, որ համագործակցության պայմանավորվածություն կա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային եւ փոխգործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մաթենի հետ:
«Ֆրանսիական կողմը պատրաստակամություն հայտնեց 2011 թ-ին մասնակցել Ֆրանսիայի գրադարաններում մեր մասնագետների աշխատանքների կազմակերպմանը: Անկասկած դա շատ լավ հնարավորություն է, որը կծառայի հայկական տպագրության լուսաբանմանը եւ դրա ինտեգրմանը համաշխարհային մշակութային արժեքների համակարգում, ինչը մեր կենտրոնի նպատակն է», նշել է նա: