25 փետրվարի 2010 - 13:53 AMT
ՀԱԿ-ի առաջնորդը քննարկել է ղարաբաղյան կարգավորումը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ


Փետրվարի 24-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիության դեսպանների եւ ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ:

Դեսպանների խնդրանքով Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մոտեցումներն արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես շոշափվել է ահագնացող սոցիալ-տնտեսական վիճակը, կոռուպցիան, աղքատության տարածումը եւ արտագաղթը, ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումները, հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը:

Քննարկվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները:

Հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը: