25 փետրվարի 2010 - 15:34 AMT
ՌԴ ԱԳՆ. Մարտի 1-ից Կազբեգի-Վերին Լարս անցակետը կարող է կրկին գործել


2010 թվականի մարտի 1-ից ռուս-վրացական սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետը կարող է կրկին գործել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին եւ Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ Լավրովի, ՌԴ-ն պատրաստ է կատարել համապատասխան գերատեսչությունների ձեռք բերած պայմանավորվածությունները:

«Հուսով եմ, որ մարտի 1-ից կրկին կսկսի գործել ցամաքային սահմանակետը, որն այժմ երկու կողմից բերվել է պատշաճ վիճակի»,-նշել է Սերգեյ Լավրովը:

Ինչ վերաբերում է երկու երկրների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնմանը, նա հաղորդել է, որ երկիրը պատրաստ է համագործակցել նաեւ այդ ոլորտում:

Լավրոն ընդգծել է, որ երկիրն անձամբ նախագահ Սահակաշվիլիի հետ ոչ մի գործ չի ունենա, սակայն չի խուսափում վրացական կողմի հետ շփումներից:

Ռուս-վրացական ցամաքային սահմանի միակ Կազբեգի-Վերին Լարս անցակետը չի գործում 2006 թվականից: Այն փակվել էր ռուսական կողմի նախաձեռնությամբ` վերակառուցման նպատակով:

Անցած տարվա վերջում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ 2010 թվականի մարտի 1-ից հաղորդակցությունը Վերին Լարսի անցակետով կվերսկսվի: