26 փետրվարի 2010 - 12:47 AMT
ՎիվաՍել-ի գլխավոր տնօրենը հանդիպել է Լիբանանի հայկական ուսումնական հաստատությունների ուսանողների հետ


ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փետրվարի 24-25-ին այցելել է Լիբանան եւ հանդիպել է Լիբանանի հայկական ամենօրյա վարժարանների եւ Հայկազյան համալսարանի ուսանողների հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունում, Ռալֆ Յիրիկյանն այցելել է ծննդավայր, կիսելու համար իր փորձը հայրենիքում գործունեություն ծավալող կազմակերպությունների մասին տեղեկություններ ստանալ ձգտող երիտասարդության հետ:

Հանդիպման ընթացքում, հիշատակված կրթական հաստատությունների ուսանողների համար կազմակերպվեց նաեւ վիճակահանություն, որի արդյունքում շահած վեց ուսանողներ հնարավորություն ստացան այցելելու Հայաստան եւ շրջելու Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ կհոգա Հայաստանում գտնվելու նրանց ճանապարհային եւ կեցության ծախսերը: «Ցանկացած հայ, աշխարհի որ անկյունում էլ որ լինի, այսուհետ Հայաստանում ունի ՎիվաՍել-ՄՏՍ անունով ընտանիք, որն իր դռներն է բացում մեր հայրենակիցների առջեւ, որպեսզի նրանք է'լ ավելի հպարտանան իրենց հայրենիքով: Մեր հաղթանակները պատկանում են յուրաքանչյուր հայի` որտեղ էլ նա լինի»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը: