26 փետրվարի 2010 - 16:28 AMT
Կոնստանդինոպոլսի աթոռակից պատրիարքի ընտրությունները դժվարանում են օրակարգի բացակայության պատճառով


Կոնստանդինոպոլսի աթոռակից պատրիարքի ընտրությունների անցկացման բարդությունն այն է, որ կարգ չի սահմանվել, այսինքն` չի սահմանված, թե ինչ է նշանակում պատրիարքություն, ինպես է ընտրվում պատրիարքը, ինչպես են ընտրում աթոռակից պատրիարքին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Նա, միեւնույն ժամանակ, գլխավոր բացթողում է համարել այն, որ Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի թեմը իրավական կարգավիճակ չունի:

Անդրադառնալով ընտրությունների առիթով Կոնստանդինոպոլսի աթոռակից պատրիարքի տիտղոսի համար թեկնածուների դիրքորոշմանը, եպիսկոպոսն ասել է, որ բոլորը կողմ են ոչ թե պատրիարքի, այլ աթոռակցի ընտրությանը, քանի որ գտնում են, որ դա հարցի ամենալավ լուծումն է:

Տիրան Լոքմագյոզյանն ասել է, որ միշտ էլ ընտրությունների ժամանակ պայքար է մղվել թեկնածուների միջեւ, սակայն այս անգամ այդ ասպարեզում պայքար չկա: Պայքար է մղվում ընտրությունների կազմակերպիչների եւ կրոնական խորհուրդների միջեւ: Տիրան Լոքմագյոզյանը հաղորդել է նաեւ, որ Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարքի տիտղոսի համար մրցակցում են`Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը եւ Կոստանդնուպոլսի պատրիարքության արքեպիսկոպոս Արամ Հաթեշյանը: Նրա խոսքերի համաձայն, Սահակ Մաշալյանը նույնպես թեկնածուների ցուցակում էր, սակայն նա սկզբից եւեթ հրաժարվել է մասնակցել ընտրություններին:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին` թե ինչու է հրաժարվել ընտրություններից, Սահակ Մաշալյանն ասել է, որ պատճառներն անձնական խնդիրներն են: «Ծնունդով Կոստանդնուպոլսից լինելով եւ ողջ ներքին իրավիճակին տիրապետելով, ես մեծ զգուշավորությամբ եմ վերաբերում այդ հարցին», - ասել է նա, ավելացնելով, որ ընտրությունները բավականին քաղաքականացված են: «40-ական թվականներին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարքի ընտրությունները ձգվել են 8 տարի», - ասել է Սահակ Մաշալյանը: