ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը Սումգայիթյան Ցեղասպանության 22-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է. «Ուղիղ 22 տարի առաջ այս օրը Ադրբեջանի հայաշատ Սումգայիթ քաղաքում սկսվեց այն, ինչ սերունդներն հիշելու են իբրեւ հայերի զանգվածային կոտորած եւ տեղահանություն: Այդ երկրի քաղաքական իշխանության բացարձակ աջակցությամբ եւ պատվերով ազերի վայրագ ամբոխը հարձակվեց խաղաղ ապրող հայ բնակչության վրա, կոտորեց եւ անդամալույծ դարձրեց շատերին: Այդ ողբերգական օրերից տարիներ անց ,քաղաքակիրթ եւ մարդու իրավունքների պաշտպանե միջազգային հանրությունը որեւէ իրավական գնահատական չի տվել սումգայիթյան Եղեռնին: Ավելին, Ադրբեջանը մինչեւ այսօր շարունակում է իր ռազմաշունչ ճոռոմաբանությունը` պատերազմի սպառնալիքներ տեղալով Հայաստանի եւ Արցախի վրա»:
«Սումգայիթը Ցեղասպանություն էր` Ցեղասպանություն, որի հիմքը դրվեց դեռ անցած դարի սկզբին, շարունակվեց տասնյակ տարիներ եւ հասավ մինչեւ Բաքու եւ Մարաղա:
Նոր սումգայիթներ հնարավոր չէ բացառել այնքան ժամանակ, քանի դեռ նախորդներին չի տրվել իրավական գնահատական, չեն հայտնաբերվել եւ իբրեւ ռազմական հանցագործներ չեն դատապարտվել Սումգայիթի, Բաքվի եւ Մարաղայի հայկական ջարդերի կազմակերպիչները»,-ասված է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունիե ուսանողական-երիտասարդական միության» հայտարարության մեջ: