27 փետրվարի 2010 - 16:17 AMT
Բեռլինում կներկայացվի «Նա մարդասպան չէ» փաստագրական ներկայացումը


Մարտի 5-ին «100 Grad» փառատոնի շրջանակներում Բեռլինի «Hebbel am Ufer» թատրոնում կներկայացվի «Նա մարդասպան չէ» փաստագրական ներկայացումը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 12-ին, Բեռլինի Heimathafen թատրոնում, որից հետո երկրորդ անգամ ներկայացվեց փետրվարի 19-ին:

Հայաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից հինգ դերասան կարդալու են Սողոմոն Թեհլերյանի դեմ դատավարության գործընթացի արձանագրությունների սղագրություններից հատվածներ, ներկայացման երաժշտությունը ապահովելու է մեկ երաժիշտ: Դատավարությունը տեղի է ունեցել 1921 թ., Բեռլինում:

Արձանագրությունն առաջին անգամ հրապարակել է 1921 թ. Բեռլինի հրատարակչական ընկերությունը` «W8 քաղաքականության համար»: Դրանից հեո արձանագրությունը 1980-1985 թթ. վերստին հրատարակում է «Խոստովանության աշխատանքային խումբ» կազմակերպության նախագահ, հայագետ Թեսսա Հոֆմանը:

«Ամեն անգամ ներկայացումից առաջ Թեսսա Հոֆմանը համառոտ պատմում է պատմական իրադարձությունների մասին, որից հետո 5 դերասանների միջոցով ներկայացնում ենք բոլոր կերպարներին` ընթերցելով դատական գործընթացի արձանագրությունները: Բեմադրության նպատակն է` նպաստել գործընթացին մասնակից երկրների եւ ժողովուրդների փոխհամաձայնությանն ու հաշտեցմանը», - PanARMENIAN.NET-ի թղթակցին պատմում էր ներկայացման դերասաններից Ստեփան Գանթրալյանը:

Նրա խոսքերի համաձայն, պրեմիերայի ժամանակ հանդիսատեսների մեծամասնությունը հայեր էին, իսկ արդեն ներկայացման երկրորդ ցուցադրության ժամանակ հանդիսատեսների շարքում էին գերմանացիներ, թուրքեր, քրդեր:

«Տոմսերն ամեն անգամ վաճառվում էին ամբողջությամբ եւ արագությամբ: Դահլիճում մոտավորապես 80-100 մարդ էր ներկա, ինչն ուրախացնում է», - ասել է Ստեփան Գանթրալյանը:

Ներկայացման մեջ խաղում են` Բիրտե Ֆլինտը, Վիկտորյա Բիսկոն, Մարգո Բինդերը, Թունքեյ Գարին, Ստեփան Գանթրալյանը, իսկ դաշնամուրային նվագակցությամբ հանդես է գալիս Վինսենտ Ջուլիեն Պիոտը:

Նախագծի ղեկավարն է Գեինց Բյոկեն`Թեսսա Հոֆմանի համագործակցությամբ: