Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը չնախատեսված հանդիպում ունեցավ երկրի Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուգի հետ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, վարչապետն ու Գլխավոր շտաբի պետը ներկա էին թուրք զինծառայողի թաղման արարողությանը, որից հետո Էրդողանը Իլքեր Բաշբուգին իր նստավայր հրավիրեց թուրք բարձրաստիճան գեներալների ձերբակալությունների շուրջ բանակցելու համար:
Թուրքիայում պետական հեղաշրջման մեղադրանքով տասնյակ բարձրաստիճան սպաներ են ձերբակալվել` ներառյալ Թուրքիայի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, բանակի նախկին գեներալ Էրգին Սայգունը: Զինծառայողների ձերբակալման օպերացիաներն անցկացվել են Ստամբուլում, Անկարայում եւ Զմյուռնիայում: Դավեր նյութելու մեղադրանքով ընդհանուր հաշվով ձերբակալվել են մոտ 50 հոգի: Ավելի ուշ բանտարկվել են եւս 18 զինծառայողներ: Ձերբակալությունները տեղի են ունեցել երկրի 13 քաղաքներում: