1 մարտի 2010 - 13:47 AMT
Թուրքամետ կոնգրեսականները կոչ են անում դադարեցնել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջխաղացումը

Թուրքամետ կոնգրեսականները Կոնգրեսում իրենց գործընկերներին կոչ են անում դադարեցնել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի առաջխաղացումը նախքան այն կքննարկվի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում: Ինչպես գրում է ամերիկյան The Hill թերթը, փետրվարի 22-ին կոնգրեսականներ Սթիվ Քոենը, Քեյ Գրենջերը եւ Էդ Վայթֆիլդը նամակ են հղել արտաքին գործերի կոմիտե, որում կոնգրեսականներին խնդրել են հրաժարվել բանաձեւի առաջխաղացումից:

Նամակում կոնգրեսականներն ընդգծել են, որ այդ բանաձեւի ընդունումը կվնասի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններին: Բացի դրանից, կոնգրեսականների այդ եռյակը մտադիր է առանձին նամակ հղել կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանին: Ներկայումս նրանք ստորագրություններ են հավաքում եւ արդեն 14 կոնգրեսականներ միացել են նամակի կոչին:

Ի պատասխան դրան ԱՄՆ հայկական կազմակերպությունները` Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA), Համահայկական Բարեգործական Միությունը (AGBU), ԱՄՆ-ում Հայ Առաքելական եկեղեցու Արեւելյան ու Արեւմտյան թեմերը փետրվարի 25-ին նամակ հղեցին Հովարդ Բերմանին` կոչ անելով նրան օժանդակել բանաձեւի ընդունումը:

Թերթը գրում է, որ այս տարի կոմիտեում բանաձեւի ընդունման համար լավ հնարավորություն կա` հաշվի առնելով, որ Բերմանն օժանդակում է բանաձեւը: Բաից դրանից, արտաքին գործերի կոմիտեում 46 կոնգրեսականներից 16-ը բանաձեւի ընդունման կողմնակիցներն են: «Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ինչ կկատարվի բանաձեւի հետ կոմիտեում դրա ընդունման դեպքում: 2007-ին, երբ կոմիտեն մեծ դժվարությամբ ընդունեց բանաձեւը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսին թուրքական կողմից ճնշման պատճառով քվեարկության համար չներկայացրեց բանաձեւը Ներկայացուցիչների պալատում»,- հիշեցնում է թերթը:

Նենսի Պելոսիի մամլո քարտուղար Նադիմ Էլշամին չհաղորդեց, թե արդյոք բանաձեւը Ներկայացուցիչների պալատում քվեարկության կառաջադրվի կոմիտեի կողմից ընդունվելու դեպքում, թե ոչ: