Ինչպես հայտնում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարությունը հրավիրել է բրազիլացի մարզիչների ակումբի դպրոցում աշխատելու համար: Հայաստան են ժամանել ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչներ Մանուել Պինեյրո Ֆիլյեն, Դիրսեու դե Մատոսը եւ Ժոել Պերեյրա Ռամոսը: Նրանք «Բանանցի» հետ պայմանագիր են ստորագրել եւ արդեն դարձել են մանկապատանեկան դպրոցի մարզիչներ:
Մանուել Պինեյրո Ֆիլյեն երկար տարիներ աշխատել է Բրազիլիայում: Այնտեղ Ֆիլյեն աշխատել է «Լոնդրինա» ակումբում մինչեւ 13, 15, 18 եւ 20 տարեկան ֆուտբոլիստների հետ:
Ժոել Պերեյրա Ռամոսը նույնպես սկսել է իր գործունեությունը Բրազիլիայում եւ շարունակել` ակտիվորեն աշխատելով մի շարք եվրոպական թիմերում: «Մենք համոզված ենք, որ կարող ենք օգտակար լինել «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի համար: Կանենք ամեն ինչ, որպեսզի փոխանցենք մեր փորձը պատանի ֆուտբոլիստներին եւ այդպես կարող ենք նպաստել հայկական ֆուտբոլի, հատկապես «Բանանց» ակումբի զարգացմանը»,- ասել է Ռամոսը,- տեխնիկա, մարտավարություն, ահա թե ինչ պետք է սովորեցնել ֆուտբոլիստներին վաղ հասակից: Գիտենք, որ հայ ֆուտբոլիստները տեխնիկապես լավ են պատրաստված: Այդ առումով ամեն ինչ համընկնում է բրազիլացիների հետ: Բայց տեխնիկայի հետ միասին ժամանակակից ֆուտբոլում յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է պատրաստված լինի թե մարտավարական առումով, թե ֆիզիկական: