Մարտի 3-ին Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանում 2008-2009 թթ բռնություն, ճնշում եւ դատական գործընթացներ ԶԼՄ-երի եւ լրագրողների հանդեպ » գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
«Լրագրողների ազատ գործունեության հարցը վիճելի եւ պրոբլեմային է ե'ւ Հայաստանի, ե'ւ այն երկրների համար, որոնք փորձում են ժողովրդավարական սկզբունքներ ներմուծել», - մամլո ասուլիսի ընթացքում ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Կարլ Հոֆստրան:
Գրքի խմբագիր Լիանա Սայադյանի խոսքերի համաձայն, այն նախատեսված է լրագրողների, փաստաբանների եւ փորձագետների համար, ովքեր զբաղվում են խոսքի եւ մամուլի ազատության հարցերով:
Գրքի առաջին մասում ընդգրկված հոդվածները պատմում են 2008-2009 թթ. լրագրողների հանդեպ իրականացրած բռնությունների մասին: Երկրորդ մասը նույն ժամանակահատվածում սկսված, սակայն դեռեւս չավարտված դատական գործընթացների մասին է:
«Ես արդեն սկսում եմ մտածել, որ լրագրությամբ զբաղվելը վտանգավոր է դառնում Հայաստանում, որտեղ իշխանությունները եւս չեն ապահովում խոսքի եւ մամուլի ազատությունը»,- խոսքն ավարտել է խմբագիրը: