Թուրքիան զգուշացնում է, որ «ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի նրա հարաբերություններին Հայաստանի ու ԱՄՆ-ի հետ»: Ինչպես հաղորդում է «Ռոյթերսը», ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում քվեարկության նախօրեին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական արշավ է սկսել Միացյալ Նահանգներում, ուղղված բանաձեւի արգելափակմանը:
«Նման բանաձեւը Կոնգրեսում այսպիսի մի ժամանակահատվածում առանց որոեւէ լուրջ պատճառի խելամիտ քայլ չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ո'չ քաղաքական, ո'չ էթիկայի տեսակետից»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն Կահիրեում: Ըստ նրա, Անկարայի վրա ամեն տարի նույն մեթոդներով ճնշում գործադրելու փորձերը նշանակում են միայն, որ նա, ով փորձում է ճնշում գործադրել, բոլորովին չի ճանաչում Թուրքիան:
Թուրքիայի նախարարն ակնարկել է, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները բարենպաստ փուլում են գտնվում եւ ընդգծել է, որ Անկարան դիտարկում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը որպես «երկու երկրների համատեղ ջանքերին վնասելու փորձ»: