Հարցն այն մասին, թե արդյոք պետք է 1915-1923թթ. հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն ճանաչել, կրկին քվեարկության է դրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում, գրում է The New York Times-ը: «Թե հայերը` Ցեղասպանության մասին բանաձեւի կողմնակիցները, թե հակառակորդները` թուրքերը, չորեքշաբթի օրը հայտարարեցին, որ նախորդ քվեարկությունից ի վեր իրադրությունը փոխվել է առավելապես Օբամայի դիրքորոշման ազդեցությամբ»,- գրում է թերթի տեսաբանը:
Ի տարբերություն 2007 թվականի, թուրքական կողմը չի զգում, որ ԱՄՆ վարչակազմը նրա կողմից է, նկատեց թուրք պատգամավոր Սուաթ Քինիքլիօղլուն: «Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր կողմից հայտնեց, որ իր կազմակերպությունը վստահ է բանաձեւի ընդունման հարցում»,- գրում է թերթը: Ներկայիս վարչակազմը այդ դրույթի դեմ չի արտահայտվել, ընդգծեց նա, մինչդեռ 2007 թվականին պետքարտուղար Ռայսը եւ պաշտպանության նախարար Գեյթսը, անհանգստանալով Իրաքի հարցում Թուրքիայի հետ համագործակցության համար, բանաձեւի դեմ կտրուկ բողոքներով նամակ հղեցին Կոնգրես: Այժմ, պնդում է թուրքական կողմը, քվեարկությունը կարող է վնասել Անկարայի հարաբերություններին ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՄՆ հետ: