4 մարտի 2010 - 18:20 AMT
The Washington Post. «Gerhardt Group» գլխավոր լոբբիստական ընկերությունը ամսական $70 000 է ստանում Թուրքիայից

Ամեն տարի ամերիկացիները հիշում են հազարավոր հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների կոտորածն Առաջին աշխարհամարտի տարիներին, եւ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսը ներգրավվում է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դաժան քննարկումների մեջ, որոնց վեճի առարկան այն հարցն է, թե արդյոք կարելի է Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին կատարված իրադարձությունները «ցեղասպանություն» որակել: Այդ մասին գրում է The Washington Post-ի այսօրվա համարը:

«ԱՄՆ Կոնգրեսում ներգրավված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը Բարաք Օբամային կոչ է անում 1915 թվականի կոտորածը պաշտոնապես «ցեղասպանություն» ճանաչել եւ հենց այդ տերմինն օգտագործել ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին հղված ամենամյա ուղերձում: «Բանաձեւը ԱՄՆ նախագահ Օբամային, փոխնախագահ Բայդենին եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին «անհարմար» դրության մեջ է դնում, քանի որ նրանք սենատոր եղած ժամանակ վճռականորեն հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման կողմից»,- նշվում է հոդվածում:

Թերթի կարծիքով, բանաձեւն ագրեսիա է առաջ բերել Թուրքիայի կողմից եւ ակտիվացրել նրա լոբբիստական գործունեությունը: «Թուրքական կառավարությունը վերջին տասնամյակի ընթացքում միլիոններ է ծախսում Վաշինգտոնում իր շահերի լոբբիացման համար, որի մեծ մասը կենտրոնացված է Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: «Gerhardt Group» գլխավոր լոբբիստական ընկերությունը ամսական $70 000 է ստանում Թուրքիայից»,- ընդգծում է The Washington Post-ը: