Կոնգրեսական, Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի հեղինակ Ադամ Շիֆֆը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում բանաձեւի ընդունումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Ադամ Շիֆֆի մամլո քարտուղար Շոն Օբլաքը:
«Պատմության փաստագրված եւ ակնհայտ փաստերը քննարկման ենթակա չեն: Մեկուկես միլիոն հայեր կանխամտածված կերպով սպանվել են XX դարի առաջին ցեղասպանության արդյունքում: Եթե մենք ցանկանում ենք ապագայում խուսափել այդ սարսափելի հանցագործությունից, մենք պետք է պատրաստ լինենք դատապարտելու ցեղասպանությունը, անկախ այն բանից, թե որտեղ եւ երբ է այն իրագործվել»,- ասվում է Ադամ Շիֆֆի հայտարարության մեջ: Նրա խոսքով, բանաձեւի ընդունումը կոմիտեում կօգնի վերացնելու ԱՄՆ Կոնգրեսում 252 բանաձեւի առաջխաղացման ճանապարհին առկա խոչընդոտները: «Ես Կոնգրեսում իմ գործընկերների հետ կաշխատեմ, որպեսզի ապահովեմ այդ կարեւոր օրինագծի ընդունումը»,- ասել է կոնգրեսականը:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 20 երկրներ, այդ թվում` Կանադան, Իտալիան, Շվեդիան, Ֆրանսիան, Արգենտինան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանը: