Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան մտադիր է Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել եւ մասնակցել հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Էմիր Կուստուրիցան: «Անցյալ տարի ես «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու հրավեր ստացա, բայց չհաջողվեց գալ: Մոտ ապագայում ես մտադիր եմ լրացնել այդ բացը»,- ասաց նա:
Նա նշեց նաեւ, որ այժմ աշխատում է երկու նոր ֆիլմերի շուրջ: Բացի դրանից, մոտ ապագայում նա կավարտի իր գիրքը: Դա 12 պատմվածքներից բաղկացած ինքնակենսագրական ժողովածու է:
«Էմիր Կուստուրիցայի եւ «The No Smoking Orchestra»-ի այցը կարեւոր իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում: Հայաստանի եւ Կուստուրիցայի միջեւ կապող օղակը Բելգիայում բնակվող Խաչատուր Ալմազյանն է: Նա Եվրոպայում հայտնի ջութակահար է: Բարձր գնահատելով նրա արվեստն ու հեղինակությունը` Կուտուրիցան համաձայնեց Հայաստան այցելել, ինչի առիթով մենք շատ ուրախ ենք»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Կուստուրիցան Ծիծեռնակաբերդ այցելեց եւ հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Մարտի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կընդունեն կինոռեժիսորին, որից հետո Կուստուրիցան եւ «The No Smoking Orchestra» խմբի անդամները հարավսլավացի զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշակոթող կայցելեն: Իսկ երեկոյան Մոսկվա կինոթատրոնում նա կհանդիպի հայկական բուհերի ուսանողների հետ: