8 մարտի 2010 - 13:53 AMT
Հայաստանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների տնտեսական համաժողովին

Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, Մոսկվայում մասնակցեց «Նոր նախաձեռնություններ` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով ԱՊՀ անդամ երկրների միջազգային տնտեսական համաժողովին: Ինչպես հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունից, համաժողովի ընթացքում Գեւորգյանը հանդես եկավ ելույթով:

Հայկական պատվիրակությունը մասնակցեց տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված «Ազգային արժույթներով հաշվարկների խթանում: ԱՊՀ-ում առեւտրային եւ ներդրումային գործարքների ակտիվացման նոր հնարավորություններ», «Գործարար հետաքրքրություններ եւ ինտեգրման գործընթացի հետագա զարգացում ԱՊՀ անդամ երկրներում», «Նորարարությունը` որպես տնտեսության զարգացման խթան», «Նորարարական մոտեցումներ` ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը (շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության եւ այլն)», «Նորարարությունը` որպես դեղամիջոցների եւ բժշկական ծառայությունների մատչելիության միջոց» թեմաներով կլոր սեղանների քննարկումներին, ներկայացրեց հայկական կողմի շահերը եւ տեսակետները:

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Ա. Գեւորգյանը Մոսկվայում մասնակցեց նաեւ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 46-րդ նիստին: