10 մարտի 2010 - 13:47 AMT
Լեհաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` վարչապետը շնորհավորեց նրան դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ արդյունավետ գործունեություն մաղթեց: Տ.Սարգսյանը կարեւորեց Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-լեհական հարաբերությունների զարգացման համար եւ կխթանի հետագա զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Լեհաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրին` նշելով, որ դա լավ հիմք է համագործակցության ընդլայնման համար:

Կողմերն անդրադարձան տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը եւ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: