11 մարտի 2010 - 13:02 AMT
Հայկական բեռներն արդեն անցնում են «Վերին Լարս» ՀԱԿ-ով

«Վերին Լարս» ՀԱԿ բացումը կապված չէ ռուս-վրացական հարաբերություններիր կարգավորման հետ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն: Նրա խոսքերով, Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները չեն փոխվի, քանի դեռ չի լուծվել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հարցը: Միաժամանակ նա նշեց, որ Վրաստանը ոչ մի տնտեսական շահ չունի ՀԱԿ բացումից եւ դա արվում է առաջին հերթին Հայաստանի համար, քանի որ գիտի, թե որքան կարեւոր է հսկիչ-անցագրային կետի բացումը Երեւանի համար: Ինչպես նշել է վրացի դիվանագետը, Վրաստանի միակ շահն այն է, որ ՀԱԿ բացումով երկիրը հնարավորություն կունենա փոխադրել իր բեռները ռուսական տարածքով: «Ես գիտեմ, որ հայկական բեռներն արդեն անցնում են «Վերին Լարս» ՀԱԿ-ով»,- հայտնել է Տաբատաձեն:

Մեկնաբանելով Վրաստանի նախկին նախարարի` Միավորված ընդդիմության առաջնորդներից Գեորգի Խաինդրավայի հայտարարությունը հակամարտությունների կարգավորման մասին, որ Ռուսաստանը բացել է «Վերին Լարս» ՀԱԿ-ը միայն նրա համար, որպեսզի հագեցնի Գյումրիում գտնվող իր ռազմակայանը` Տաբատաձեն ասել է. «Ոչ մի գնդակ չի անցնելու ՀԱԿ-ով»: Միաժամանակ նա նշեց, որ չի կարծում, որ ՀԱԿ բացումը սպառնալու է Վրաստանի ազգային անվտանգությանը, քանի որ ՀԱԿ բացումից առաջ վրացական կողմը քննարկել է այդ հարցն Ազգային անվտանգության խորհրդի շրջանակներում եւ դիտարկվել են բոլոր հնարավոր սցենարները: «Չեմ կարծում, որ մենք սխալվել ենք մեր գնահատականներում»,- ասել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանը: