Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ազնիվ սկիզբ ունեցավ, եւ նույն կերպ պետք է ավարտվի: Հակառակ դեպքում, այդ ամբողջ գործընթացը նման կլինի խեղկատակության: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 73-րդ սեմինարում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Թուրքիային շուտափույթ կերպով վավերացնել Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Մենք հասկանում ենք, որ այդ հարցում շատ արգելքներ կան, բայց դա կարեւոր գործընթաց է: Ես բազմիցս ասել եմ թուրքական կողմին, որ միշտ կարելի է փաստարկներ գտնել Արձանագրությունները չվավերացնելու համար, բայց դա նորմալ չի ընդունվի»,- ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը: