11 մարտի 2010 - 17:43 AMT
Ադրբեջանը փորձում է դատարկ տեղում իր համար պատմություն ստեղծել

Կրեմլի պաշտոնական կայքում տեղակայվել է ռուս պատմաբանների գիտական աշխատանքը, որտեղ հետազոտվել է ԱՊՀ երկրների պատմագրությունը: Աշխատանքում նշվում է, որ բացի Բելառուսից ու Հայաստանից, ԱՊՀ բոլոր մյուս երկրները, հատկապես Ադրբեջանը, կեղծել են իրենց պատմությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Մելքոնյանի խոսքով, այդ գրքում հեգնանքով նշվում է, որ ադրբեջանցիներն իրենց են վերագրում Հայաստանի պատմությունը եւ պնդում, որ, իբր, տարածաշրջանի բնիկ ժողովուրդն են, իսկ հայերը` «եկվոր»: «Այդ ամենը ծիծաղելի է, քանի որ մինչեւ 1930-ական թվականների սկիզբը նման ազգ, ինչպիսիք ադրբեջանցիներն են, պարզապես գոյություն չուներ, իսկ Ադրբեջան բառը սերում է Ատրպատական աշխարհագրական անունից: Մինչ այդ այսօրվա ադրբեջանցիներին կոչում էին կովկասյան թաթարներ»,- նկատեց նա: