Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի խճճված է: Այդ մասին իր «Նոր մեկնարկ Կովկասում» հոդվածում գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար, CIVILITAS հիմնադրամի տնօրեն Վարդան Օսկանյանը: «Երկու փոքր նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ պայքարից այն վերածվել է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու մի մասի: Այդ եռանկյունին անմիջական արդյունքն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի, որը սկիզբ առավ երկու երկրների նախագահների հանդիպումից ֆուտբոլային խաղին: Այդ գործընթացի առանցքն այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություններն են, որ ստորագրվել են երկու երկների կառավարությունների կողմից, բայց չեն վավերացվել խորհրդարաններում: Գործընթացի ավարտն ուղղակիորեն եւ անուղղակիորեն կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից»,- ասում է ՀՀ ԱԳ նախկին նախարարն իր հոդվածում:
Վարդան Օսկանյանը նշում է, որ այդ եռակողմ վեճը կարող է բազում վտանգների հանգեցնել, եթե զգուշությամբ չհանգուցալուծվի: «Թուրքիան, որ արդեն գրեթե երկու տասնամյակ բացահայտորեն հայտարարում է իր աջակցությունը Ադրբեջանին, անսքող պայմանավորում է Հայաստանի հետ մերձեցումը Հայաստանի կողմից Ադրբեջանին արվող զիջումներով: Արդեն 15 տարի է Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական բախումներ չեն ունեցել, սակայն դա եղել է երկու երկրների ռազմական ուժերի ենթադրյալ հավասարակշռության շնորհիվ եւ ընթացող բանակցությունների հաջողության ակնկալիքով: Թուրքիան իր հերթին կարծում էր, որ ստորագրելով Արձանագրությունները Հայաստանի հետ եւ ցուցադրելով սահմանը բացելու իր պատրաստակամությունը, կկարողանա համոզել կամ ճնշել հայերին` ավելի արագ լուծում տալ ղարաբաղյան հակամարտությանը կամ զիջել Ղարաբաղի մերձակա տարածքները: Սակայն դա միշտ քիչ հավանական է եղել, քանի դեռ չկա համապարփակ կարգավորում, որը կփարատի հայկական կողմի մեծագույն մտահոգությունը` անվտանգության խնդիրը, եւ կբավարարի հայերի հիմնական քաղաքական պահանջը` Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը»,- ընդգծում է նա:
CIVILITAS-ի տնօրենի խոսքով, եկել է Թուրքիայի լրջանալու պահը: «Հայ-թուրքական դիվանագիտական գործընթացը մտել է փակուղի, նաեւ արգելակվել է Թուրքիայի կառավարության փորձը հաշտության գալ քրդական մեծ համայնքի հետ: Իր հերթին ղարաբաղյան հանգուցալուծման ակնկալիքի կորուստը կարող է վտանգել Հայաստանի եւ Ադրբեջանի փխրուն ռազմական հանդարտությունը: Հետեւաբար, անգամ երբ Թուրքիան փորձում է կարգի բերել իր պատմության հետեւանքները երկրի ներսում եւ վերասահմանել բանակի դերը հասարակությունում, այն պետք է նոր մեկնարկ տա իր չարչրկված հարաբերություններին Հայաստանի հետ: ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված վերջին բանաձեւը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին ապահովել, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն արտացոլի համապատասխան զգայունություն եւ նրբանկատություն հայոց ցեղասպանության հանդեպ, պետք է ծառայի որպես սթափվելու ազդանշան Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին առ այն, որ հայերը մտադիր չեն կասկածի տակ դնել ցեղասպանության պատմական ճշմարտացիությունը»,- նշում է Վարդան Օսկանյանը:
Հայաստանի նախկին արտգործնախարարը նշում է, որ երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն, սթափ քննեն իրավիճակը, ընդունեն արձանագրությունների թերությունները, բավարարեն դիմացի կողմի նվազագույն պահանջները` միաժամանակ ընդունելով, որ «մեկ փաստաթուղթ չի դարմանի բոլոր վերքերը եւ չի ցրի բոլոր մտահոգություները»: «Միջազգային հանրությունը պետք է աջակցի այս ջանքերին: Չի կարելի խնդիրը հանգեցնել հին հաշիվներին ու պատմությանը: Խաղաքարտի վրա է դրված մի տարածաշրջանի ապագան, որը կարեւոր է Եվրասիայի խաղաղության համար»,- ամփոփել է Վարդան Օսկանյանը: