11 մարտի 2010 - 21:00 AMT
Երեւանը վճռական է իր որոշման մեջ, որ արձանագրությունների վավերացումը ձգձգվելու դեպքում ստորագրությունը չեղյալ է հայտարարվելու

«Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության իրողությունը: Երբ ես հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան` ներկա գտնվելու մեր երկու ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը, իմ նպատակն էր մեր երկրների միջեւ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: 2009 թ. հոկտեմբերին, արձանագրությունների ստորագրման ժամանակ, պայմանավորվածություն կար, որ վերջիններս պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների: Մենք ասել ենք, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները` Թուրքիայի վավերացնելուց հետո: Մինչդեռ, Թուրքիան չի դադարում նախապայմաններ առաջադրել դրանց վավերացման համար, որոնցից հիմնականը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին», - այս մասին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

« 21-րդ դարում անընդունելի է, որ սահմանը փակ լինի եւ խոսվի նախապայմանների լեզվով: Ասում ենք` եկեք նախ հաստատենք հարաբերություններ, այնուհետեւ խոսենք բոլոր հարցերի մասին: Մեր երկու երկրներն էլ ցանկանում են խորացնել իրենց հարաբերությունները Եվրոպայի հետ եւ նրա հետ կիսել արժեքային ընդհանրությունը, ինչը բացառում է միմյանց նկատմամբ որեւէ թշնամական գործողություն: Եվ միջազգային հանրությունը, կարծում եմ, պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի այս հարցի կապակցությամբ», - ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը շարունակելով միտքն ասել է, որ որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իմ նախաձեռնությունը շատ մտահոգություններ առաջացրեց հայերի մոտ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: Կարգավորման գործընթացի ձգձգման հետեւանքով արձանագրությունների կողմնակիցների թիվը գնալով ավելի ու ավելի է նվազում:

«Բնականոն հարաբերություններ հաստատելու իմ ցանկությունը մեծ է: Սակայն, Թուրքիայի վերջին հայտարարություններն ինձ մտածել են տալիս, որ նրանք արձանագրությունները տեսանելի ապագայում չեն վավերացնելու: Մենք զգուշացրել էինք, որ եթե համոզվենք, որ թուրքերը կարգավորման գործընթացն օգտագործում են այլ նպատակների համար, ապա մենք կձեռնարկենք համապատասխան քայլեր: Այդ դեպքում մենք չեղյալ կհայտարարենք արձանագրությունների մեր ստորագրությունը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 252 բանաձեւը, Սերժ Սարգսյանն ասել է. «Անշուշտ, մեր ամենաանկեղծ ցանկությունն է, որ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաեւ Թուրքիան եւ աշխարհի բոլոր երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Բայց ԱՄՆ-ի Կոնգրեսը եւ Պետդեպարտամենտն իրենց որոշումները կայացնում են` չհիմնվելով մեր կարծիքի կամ ցանկությունների վրա»: