ԵԱՀԿ/ ԺՄԻԳ զեկույցում, որը վերաբերում է Հայաստանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների դատավարություններին, ասվում է, որ բոլոր դատավարություններն անցել են մարդու իրավունքների զգալի խախտումներով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Ըստ Զուրաբյանի, ԺՄԻԳ զեկույցից պարզ է դառնում, որ մարտի 1-ի գործով անցնող ընդդիմության բոլոր ներկայացուցիչները անարդար են դատապարտվել: «Սակայն զեկույցն ուշացած է, քանի որ այն պատրաստ է եղել մի քանի ամիս առաջ, իսկ հրապարակվել է միայն մարտի 8-ին: Եթե ԺՄԻԳ-ն այն ավելի վաղ հրապարակեր, դա կարող էր զգալի ազդեցություն թողնել դատավարության վրա»,-ասել է նա:
Զուրաբյանը նաեւ ասել է, որ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հանդիպմանը Ժոաո Սուարեշի հետ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Հանդիպմանը մենք ընդգծել ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս ծրագրում ընդդիմադիր դաշինքը համաձայն չէ դիտորդների տեղակայմանը անվտնագության գոտում խաղաղապահների փոխարեն, քանի որ դիտորդները չեն կարողանա երաշխավորել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը»,-ասել է Զուրաբյանը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ Զուրաբյանը նշել է, որ այդ հարցում զգալի դերակատարություն ունի միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից:
Ներքին խնդիրրներից Զուրաբյանը նշել է գազի գնաճը, ինչն, ըստ նրա, կարող է խորացնել լարվածությունը երկրում եւ սոցիալական բռնկման բերել: «Այս սոցիալական լարվածությունը հայ հանրությունում բավարար է Հայաստանում յոթ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»,-ասել է նա: