Ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը, այնպես էլ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ցույց տվեցին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունն արդեն տալիս է իր պտուղները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:
Բաբուխանյանի խոսքով, չնայած, որ այժմ հայ-թուրքական մերձեցման գործընթացում Թուրքիան կառուցողական մոտեցում չի ցուցաբերում, նա մինչեւ ապրիլի 24-ը կարող է վավերացնել հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունները: «Թուրքիան պետք է հասկանա, որ քանի դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, այդ փաստն օգտագործվելու է իր իսկ դեմ: Տարեցտարի Ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվն ավելանում է, իսկ Թուրքիան չի կարող իր դեսպաններին հետ կանչել աշխարհի բոլոր երկրներից»,- ընդգծեց նա:
Բաբուխանյանը բոլոր հայ պաշտոնատարներին կոչ արեց շատ զգոն լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ Թուրքիայի վերնախավը մինչ օրս ցեղասպանական մտածելակերպ ունի: «Ու քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նա շարունակում է Հայաստանի համար թշնամական երկիր մնալ»,- նշեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Բաբուխանյանը նկատեց, որ ինքը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հայտարարության հետ այն մասին, որ հակամարտության կարգավորումն ավելի շատ անհրաժեշտ է Ադրբեջանին, որպեսզի վերջինիս փախստականներն իրենց բնակության վայրեր վերադառնան: «Դա մասնավորապես Հայաստանի ԱԳ նախարարության մեղքն է, քանի որ վերջինս բանակցություններում չի արծարծում կես միլիոն հայ փախստականներին իրենց տները վերադարձնելու խնդիրը: Այդ իսկ պատճառով ամեն տեսակ եվրոպացի պաշտոնատարներ խոսում են միայն ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդրի մասին»,- նկատեց նա: