16 մարտի 2010 - 14:21 AMT
Արման Մելիքյան. Բացառված չէ, որ Օբաման իր ելույթում կարտասանի «ցեղասպանություն» տերմինը

Բացառված չէ, որ այդ տարի ապրիլի 24-ին ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ելույթում նախագահ Բարաք Օբաման կարտասանի «ցեղասպանություն» տերմինը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավար Արման Մելիքյանը: «Օբաման ավելի շուտ կարտասանի «ցեղասպանություն» բառը, քան ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Մելիքյանը, ավելացնելով, որ ի տարբերություն Կոնգրեսի որոշման, ԱՄՆ նախագահի հայտարարությունն իրավաբանական ուժ չունի: Միաժամանակ նա նշեց, որ ԱՄՆ-ն իր գործողություններով կարող է ավելի սրել իրավիճակը, որը Հայաստանին ոչ մի օգուտ չի տա: «ԱՄՆ գործողությունների ուղղակի հետեւանքը կլինի ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը, ինչը կարող է ռազմավարական բնույթ ստանալ: Դա բացասական ազդեցություն է ունենալու մեր շահերի վրա ղարաբաղյան հակամարտությունում»,- ասել է Մելիքյանը: Միաժամանակ նա նշեց, որ եթե Ռուսաստանը փորձի ստիպել Հայաստանին եւ Թուրքիային վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները, ապա Հայաստանը շատ հնարավորություններ կկորցնի հայ-թուրքական գործընթացում: «Արձանագրությունների վավերացումն այն իրավիճակն է ստեղծում, որը ստեղծվել էր Կարսի պայամագիրը ստորագրելու ժամանակ»,- նշել է Մելիքյանը, ավելացնելով, որ որքան էլ հայկական կողմն ասի, որ Արձանագրությունները ոչ մի կապ չունեն Կարսի պայմանագրի հետ, դա այդպես չէ: «Ավելին, ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի իշխանությունները թուրքական կողմից շուտ կվավերացնեն Արձանագրությունները, որպեսզի ցուցյ տան միջազգային հանրությանը, որ իրենք կատարում են տված խոստումները»,- հայտարարել է Արման Մելիքյանը: Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիան կվավերացնի Արձանագրություններն այն ժամանակ, երբ նրան հարմար լինի: