18 մարտի 2010 - 12:52 AMT
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը մարեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված 40.000.000 ԱՄՆ դոլարի վարկը
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2010-ի մարտի 16-ին ամբողջությամբ վաղաժամկետ մարեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված 40.000.000 ԱՄՆ դոլարի վարկը` վճարելով 1.034.840 ԱՄՆ դոլար տոկոսագումար:

Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, վարկը տրամադրվել էր ՀՀ ֆինանսների նախարարության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջեւ 02.11.2009թ. կնքված վարկային պայմանագրի համաձայն` 6 ամիս մարման ժամկետով, 11%տարեկան տոկոսադրույքով:

Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության եւ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից` 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին» համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: Այսօրվա դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 մլրդ դրամ: