18 մարտի 2010 - 18:13 AMT
ՀԱՊԿ-ն եւ ՄԱԿ-ը համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին
Մարտի 18-ին ՄԱԿ եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարներ Պան Գի Մունն ու Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին:
Քարտուղարությունների միջեւ համագործակցության մասին ստորագրված Հռչակագրի համաձայն Կազմակերպությունները մտադիր են զարգացնել գործընկերությունը հակամարտությունների կանխման եւ կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի եւ այլ հարցերում միջազգային հանրության առջեւ առկա սպառնալիքների ոլորտում, ասվում է Հռչակագրի տեքստում:
Հռչակագրում ասվում է, որ երկու Կազմակերպությունների համագործակցության հիմնական նպատակը զգալի ավանդի ներդրումն է միջազգային հանրության առջեւ ծառացող մարտահրավերների լուծման ու սպառնալիքների վերացման գործում:
«Այդ համագործակցությունը կարող էր այնպիսի ոլորտներ ընդգրկել, ինչպիսիք են հակամարտությունների կանխումն ու կարգավորումը, ահաբեկչության, միջազգային հանցավորության, զենքի ապօրինի վաճառքի դեմ պայքարն ու արտակարգ իրավիճակների կանխումն ու դրանց հանդեպ արձագանքը»,- նշվում է համատեղ Հռչակագրում:
Կազմակերպությունները (Հռչակագրի համաձայն) պայմանավորվեցին նաեւ ըստ անհրաժեշտության զարգացնել համագործակցությունը հաղորդակցության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում:
Պան Գի Մունն ու Նիկոլայ Բորդյուժան պայմանավորվեցին, որ ՄԱԿ եւ ՀԱՊԿ քարտուղարությունների միջեւ համագործակցության շրջանակները կարող են ժամանակի ընթացքում փոխվել` հաշվի առնելով նոր պահանջները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: