19 մարտի 2010 - 13:55 AMT
Վահան Հովհաննիսյան. Թուրքիան վերջին 95 տարում չի փոխվել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետեւում է, որ այդ երկիրը 1915-ից ի վեր չի փոխվել, եւ այնտեղ ապրող հայերին լուրջ վտանգ է սպառնում: Այդ մասինՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Թուրքիայում բնակվող հայերը պետք է անհապաղ թողնեն երկիրը, քանի որ այդ հայտարարությունները նրանց համար սպառնալի են: «Ազգայնական տարրը կարող է յուրօրինակ ազդանշան հանդիսանալ հակահայկական գործողությունների համար: Լավ է, որ մեր ԱԳ նախարարը պատասխանել է այդ հայտարարությանը, բայց այստեղ որոշակի նրբություն կա. պետք չէ համեմատելՍտամբուլի ներկա հայկական համայնքը 1915-ի հայ բնակչության հետ, քանի որ այն ժամանակ հայերը ներգաղթյալներ չեն եղել, այլ ապրել են իրենց հողում: Հակառակը, թուրքերն են եկվորներ եղել»,- ասել է Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ 100 հազար ներգաղթյալ հայերի թիվն ուռճացված է: «Այնտեղ այդքան հայ չկա, եւ հիմա 1915-ը չէ: Չեն կարծում, որ երկիրը թողնելու խորհուրդը ճիշտ է»,- ասել է Սահակյանը:
Ինչ վերաբերվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի կարծիքով «Հայաստանն այնտեղ չի ուղարկել անօրինական գաղթականների եւ ՀՀ իրավասության տակ չէ նրանց ինչ-որ բան խորհուրդ տալը: Դրա հետ մեկտեղ ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայում անօրինական ներգաղթյալների թիվը 15 հազար է: Սրանք հենց թուրքական սոցիոլոգիական կենտրոնների տվյալներն են»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է 100 հազար անօրինական ներգաղթյալների արտաքսումը երկրից: «Իմ երկրում ապրում է շուրջ 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,- ասել է նա: «Վաղը, եթե պահանջվի, ես կասեմ այդ 100 հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասել է Էրդողանը:
Հայտարարության համար առիթ էր հանդիսացել մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Անկարայի արձագանքի հարցը: