22 մարտի 2010 - 11:22 AMT
Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ Կիեւում կբացվի հայկական պուրակ

Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսն (ՈՒՀԱԿ) անցկացրել է երկրորդ նիստը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի միջոցառումներին:

Նիստին մասնակցում էին մշակույթի, բիզնեսի եւ այլ ոլորտների անվանի գործիչներ: Քննարկվել են կազմակերպչական հարցեր` նվիրված Կիեւում հայկական պուրակ ստեղծելուն, Հայոց ցեղասպանության զոհերի 95-ամյա տարելիցի հուշարձան կանգնեցնելուն: Որոշվել է նաեւ անցկացնել Ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրում եւ ուկրաինացի հայտնի կատարողների մասնակցությամբ համերգ-ռեքվիեմ:

Նիստի ընթացքում ներկայացվել է ՈՒՀԱԿ նոր փոխնախագահը` Նորայր Դավիդյանը: Կոնգրեսում ստեղծվել է նաեւ հոգաբարձուների խորհուրդ եւ ճարտարապետական հանձնաժողով, ինչպես նաեւ նշանակվել են Խմելնիցկի, Կիրովագրադի, Զապորոժյեի եւ Պոլտավայի մարզերի տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներ:

Ավելի վաղ ՈՒՀԱԿ ներկայացուցիչներ են նշանակվել Լուգանսկի, Դոնեցկի, Դնեպրոպետրոկսվի, Չերնիգովի, Խարկովի, Սումսկի, Լվովի, Կիեւի, Ղրիմի,եւ այլ մարզերում, ինչպես նաեւ Կիեւ եւ Սեւաստոպոլ քաղաքներում, հաղորդում է Analitika.at.ru-ն: