22 մարտի 2010 - 17:44 AMT
Տիգրան Սարգսյան. Նպատակահարմար է այսօրվանից սկսել Ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու աշխատանքները
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացման խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «Հասարակական կազմակերպությունների, Հանրային խորհրդի եւ Ազգային Ժողովի հետ ծրագրել ենք պատշաճ ձեւով կազմակերպել Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումները: Ստեղծելով կառավարարական հանձնաժողով վարչապետի գլխավորությամբ` նպատակ ունենք ի մի բերել բոլոր առաջարկությունները եւ ապրիլի 24-ը պատշաճ անցկացնել: Բացի այդ, նպատակահարմար է այսօրվանից սկսել Ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու աշխատանքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան գաղափարներ, որոնք պահանջելու են մեզանից մի քանի տարի: Մասնավորապես, բարձր մակարդակով գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար հասկանալի է, որ մեզնից շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվելու, անհրաժեշտ կլինի ավելի մեծ գումարների ներգրավվածություն ապահովել»,-հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախորդ տարիների ավանդական միջոցառումներն անցկացվելու են նաեւ այս տարի, որոնց գումարվելու են ոգեկոչման նոր արարողություններ: