23 մարտի 2010 - 17:32 AMT
Գագիկ Մինասյան. Հայ-թուրքական հարաբերություններում որոշակի առաջընթաց է արձանագրվել
Հայ-թուրքական հարաբերություններում վերջին իրադարձությունների արդյունքում որոշակի առաջընթաց է արձանագրվել, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով, երբ պետության նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց այդ քաղաքականությունը միջպետական համաձայնագրերի առնչությամբ, Հայաստանն իր առջեւ խնդիր դրեց հասնել երկու արդյունքների` առանց նախապայմանների բացել սահմանները եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատել երկու երկրների միջեւ: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը, որից հետո մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը նույնպես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ ենթատեքստում Գագիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ Բուլղարիայի խորհրդարանը նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մասնավորապես, Բուլղարիան, որը պահպանում է սուլթանական ծանր գերիշխանության մասին հիշողությունը, երբ բուլղարացիների զանգվածային տեղահանումներ էին կատարվում Թուրքիայից, հենց այդ պատճառով ընդունելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը»,- նշեց նա: Նախագահը հիշեցրեց, որ քննարկում է սպասվում նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: «Բնական է, որ բուռն զարգացող իրադարձությունների պայմաններում անգամ այդպիսի փորձառու դիվանագետ եւ քաղաքական գործիչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոլորվում է եւ իրեն նման արտահայտություններ թույլ տալիս, որոնք ցույց են տալիս Թուրքիայի քաղաքական վարքի իրական գիծը, ինչն էլ համապատասխանում է մեր վերցրած ուղղությանը` կամ հասնել առանց նախապայմանների սահմանի բացման կամ էլ ողջ աշխարհին ցույց տալ Թուրքիայի իսկական դեմքը»,- ընդգծեց նա: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահի խոսքով, վարչապետի հայտարարությունն այն մասին, որ ինքը Թուրքիայից կարտաքսի հայկական հասարակայնության ներկայացուցիչներին, ուղղակիորեն արձագանքում է Օսմանյան կայսրության քաղաքականությանը, եւ միջազգային հանրությունը չհապաղեց այդ հայտարարությանը գնահատական տալու հարցում:

Մինասյանն ավելացրեց նաեւ, որ Թուրքիայի քաղաքական ու բարձրագույն շրջանակների ներկայացուցիչները սկսել են պարզել միմյանց արտահայտությունների իսկությունը, առավել եւս որ վարչապետը ողջ աշխարհին ներկայացրեց իրենց իրական դեմքը: «Այդ գործընթացների տրամաբանական արդյունքն է նաեւ այն, որ թուրքական ընդդիմությունը վերջապես խորհրդարանում քննարկեց Արձանագրությունների վավերացման հարցը»,- ընդգծեց նա:

«Հայ-թուրքական հարաբերություններում կարելի է որոշակի առաջընթաց արձանագրել. բնակչության բոլոր շերտերում այս կամ այն աստիճանով հայտնի է դարձել այդ հարաբերությունների պատմության մասին, մասնավորապես բարձրագույն քաղաքական շերտերի համար վերացվել է տաբուն, իսկ թուրքական խորհրդարանում ընթացող քննարկումները հեռարձակվում են բոլոր հեռուստաալիքներով»,- ասաց նա: Այդ կապակցությամբ նա ավելացրեց նաեւ, որ այդ հարցում Հայաստանի վերջնական նպատակն այն էր, որպեսզի թուրքական հասարակությունը բաց աչքերով նայի իր պատմությանը, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է իր նախնիների ձեռքով: