24 մարտի 2010 - 13:54 AMT
ՀՅԴ. «Տարածքների վերադարձման հարցը մեկ անձը լուծել չի կարող, ով ուզում է նա լինել»
«ԼՂՀ անվտանգության գոտի համարվող տարածքների վերադարձման հարցը մեկ անձը չի կարող որոշել, ով ուզում է նա լինել», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ հարցը պետք էլուծվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, եթե խոսքը նույնիսկ մի թիզ հողի մասին է: «Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու մենք` հաղթանակող կողմը, միշտ զիջումների մասին ենք խոսում, իսկ Ադրբեջանն այդ մասին նույնիսկ լսել չի ուզում եւ պահանջում է ամբողջն ու միանգամից: Ավելին, Հայաստանի նախագահի խոսքերը հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը», - ընդգծել է Շահբազյանը:
Իսկ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն, իր հերթին, նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գործընթացում առաջին հերթին պետք է որոշել ԼՂՀ կարգավիճակը` ազգի ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ մյուս բոլոր հարցերը, այդ թվում նաեւ տարածքների հավանական վերադարձը` հեռավոր ապագայի հարց է: «Քանի դեռ ԼՂՀ-ն բանակցություններին չի մասնակցում, նրա փոխարեն խոսելու է Հայաստանի նախագահը, իսկ երբ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային գործընթացի լիիրավ մասնակից, այն ժամանակ էլ կխոսի իր անունից», - ասել է Ավետիսյանը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին մեկնաբանելով` պատգամավորն ասել է, որ պատմական հարցերը քննող ենթահանձնաժողովը Հայոց ցեղասպանության հետեւանքները չեզոքացնելուց բացի ոչինչ չի քննարկելու: «Հայերի ցեղասպանությունը համընդհանուր ընդունված փաստ է եւ Հայաստանը ապացույցների կարիք չունի», - ընդգծել է Ավետիսյանը:
Նախօրեին սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբ ձեռք բերի ինքնորոշվելու իր իրավունքը եւ ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործող մեխանիզմներ, հայկական կողմից որպես փոխադարձ զիջում կդիտվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու շրջանները, իհարկե պահպանելով Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցքը: