24 մարտի 2010 - 14:08 AMT
Հայաստանի նախաձեռնողական խաղը հիշեցնում է ջերմադինամիկայի երեք հիմնական սկզբունքները

Ղարաբաղյան հակամարտության գործընթացում ստեղծվել է նոր իրավիճակ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանություններն իրենց բավական տարօրինակ են պահում` վերջին ժամանակները փորձելով ուղղակի կամ անուղղակի կերպով խրախուսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի այլընտրանքային ձեւաչափերը: Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանը գործում է բոլորովին հակառակ ուղղությամբ եւ փորձում է ամրապնդել ԵԱՀԿ ՄԽ-ն: «Հավանաբար Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները տեղերով փոխվել են»,- ասել է Շահնազարյանը, ավելացնելով, որ եթե նայել ադրբեջանական եւ հայկական կողմերի հայտարարություններին, ապա այնպիսի կարծիք է, որ խոսքը գնում է տարբեր հակամարտությունների մասին:

Անդրադառնալով նորացված Մադրիդյան սկզբունքներին` նա ասաց, որ ի տարբերություն Հայաստանի, որը շարունակում է լռել, Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը: «Ըստ երեւությին Բաքուն չի շտապում հայտարարել, որ Երեւանը հրաժարվել է նորացված Մադրիդյան սկզբունքներից»,- ընդգծել է Դավիթ Շահնազարյանը: Նա նաեւ նշեց, որ նորացված սկզբունքներն ավելի ձեռնտու են Ադրբեջանին, քան Հայաստանին: «Ղարաբաղյան հակամարտությունը չեն լուծի ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, այս հարցի լուծման հեռանկրաները պետք է որոնել ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթությունում»,- ասել է Շահնազարյանը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից` ՀԱԿ անդամն ասաց, որ Հայաստանի համար այս գործընթացում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը նման է ջերմադինամիկայի երեք օրենքներին: «Հայաստանի նախաձեռնողական խաղը հիշեցնում է ջերմադինամիկայի երեք հիմնական սկզբունքները, այսնիքն` հաղթելն անհնար է, առանց կորուստներ նույնպես անհնար է, այս գործընթացից դուրս գալը եւս անհնար է»:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը երկրից 100 հազար հայ անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին` նա ասել է, որ այն մանրակրկիտ կերպով մշակված էր: Շահնազարյանի խոսքերով, իր վերջին գործողություններով Թուրքիան կորցրել է բոլոր առավելությունները հայ-թուրքական գործընթացում, եւ նրա համար արդեն պարզ է, որ Հայաստանը պատրաստ է առաջինը վավերացնել Արձանագրությունները, ինչն Անկարայի համար լուրջ հարված կլինի: «Էրդողանն արել է այդ հայտարարությունը, որպեսզի Հայաստանի նախագահը հնարավորություն չունենա առաջինը վավերացնել Արձանագրությունները»,- ասել է Շահնազարյանը: Նա նաեւ նշեց, որ Թուրքիայի մտքով անգամ չի անցնում վավերացնել Արձանագրությունները:

Մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական իրադրությունը` նա ասաց, որ երկիրը գտնվում է ծանր ճգնաժամի մեջ: