24 մարտի 2010 - 14:27 AMT
Երեւանում տեղի է ունենում «Ազնիվ կորպորատիվ համակարգի ամրապնդում» հակակոռուպցիոն համաժողովը
Երեւանում տեղի է ունենում ԱՄՆ Միջազգային համագործակցության գործակալության (USAID) «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» 7-րդ համաժողովը ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ԱՄՆ USAID «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է հակակոռուպցիոն համաժողով կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում մասնավոր ոլորտի մասնակցության վերաբերյալ: Համաժողովի կենտրոնական թեման է` «Ազնիվ կորպորատիվ համակարգի ամրապնդում»:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանն ասաց, որ կառավարության գործունեության ծրագրի առաջնային ուղղություններից է պետական եւ մասնավոր հատվածներում արդյունավետ կառավարումը:

«Գոյություն ունեն կառավարության ծրագրի մի քանի սկզբունքային բաղադրիչներ, որոնք պետական եւ մասնավոր հատվածների համակարգում հիմք կհանդիսանան»,- ասել է Թումասյանը: Ըստ նրա, առաջին բաղադրիչը պետական համակարգում կորպորատիվ եւ բիզնես-կառավարման սկզբունքների ներմուծումն է: Երկրորդը` էլեկտրոնային կառավարման ներմուծում կառավարման համակարգ եւ հասարակության տեղեկացվածության ընդլայնում:

«Կարեւոր է նաեւ պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությունը խոշոր պետական ծրագրեր իրականացնելիս: Մասնավոր հատվածի ընդգրկումն այս ծրագրերում թույլ կտա արելավել նախագծերի կառավարման որակը եւ մասնավոր կուտակումները կիրառել դրանց իրագործման համար»,- ասել է Թումասյանը:

Իր հերթին, Հայաստանում USAID առաքելության տնօրեն Ջատինդեր Չիման ասաց, որ երբ սկսվի ռեցեսիայից դուրս գալը, ներդրողներն ամբողջ աշխարհով սկսելու են շուկաներ որոնել, իսկ Հայաստանը պոտենցիալ ունի, որը բարձր տեխնոլոգիաների եւ ինտելեկտի մեջ է, նրանք առավել զգայուն են կոռուպցիայի նկատմամբ, իսկ ներդրողներն առավելությունը տալիս են ավելի քիչ կոռումպացված երկրներին:

Համաժողովին մասնակցում են 200 մասնակիցներ, որոնց մեծամասնությունը Հայաստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են: