24 մարտի 2010 - 16:50 AMT
ՀՀ նախագահ. Հայաստանը պատմական պարտք ունի ակտիվ մասնակցելու ցեղասպանությունների եղկելի գործիքը ջարդելուն ուղղված ջանքերին
Շարունակվում է Հայաստանի նախագահՍերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սիրիա, որի շրջանակներում նա հանդիպել է Հալեպի նահանգապետին, քննարկել է հայ-սիրիական համագործակցությունը նաեւ միջմարզային մակարդակով խթանելու հնարավորությանն առնչվող հարցեր:

Հայ համայնքի հետ հանդիպմանը ՍերժՍարգսյանն իր խոսքում ասել է. «Հայերի եւ սիրիացիների համատեղ պատմությունը հին է` հին է, ինչպես հին են Եփրատն ու Տիգրիսը, ինչպես բիբլիական Արարատը:
Ես ուրախեմ գտնվելու հանդուրժողականության խորհրդանիշ երկրում: Վստահ եմ, որ անցյալում քաղաքակրթությունների խաչմերուկ Սիրիան ապագայում դառնալու է քաղաքակրթությունների երկխոսության երկիր: Սիրիան դարձավ Եղեռնիցփրկված հայերի տունը: Անցնելով տարհանման ու ջարդերի դժոխքի միջով` սակավաթիվ վերապրածներն անվտանգ կյանք ու բարեկամի ջերմություն գտան այս դրախտային երկրում: Սակայն հարյուր հազարավորների համար Եփրատի հովիտը ոչ թե եդեմական այգի դարձավ, այլ դժոխքի դարպաս: Դեյր Զորի անապատը դարձավ հարյուր հազարավոր հայերի վերջին հանգրվանը: Վստահ եմ, որ Սրբոց Նահատակաց եկեղեցու մասունքները դեռ մարդկային արդարության ականատեսն են լինելու: Այդ մասունքները հիշեցնում են, որ դեռ ոչնչացված չէ այն մամլիչը, որ մարդուն պատրաստ է արտաքսել միայն ու միայն որեւէ ազգի պատկանելու «մեղքի» համար: Անվերապահ բարոյականությունն այն միակ ուժն է աշխարհում, որ կարող է փշրել այդ մամլիչը մեկընդմիշտ»:
«Հայկական պետությունը, որ հայապահպանության երաշխավորն է ու հայի տեսակի անվտանգության պահապանը, պատմական պարտք ունի ակտիվ մասնակիցը լինելու ցեղասպանությունների եղկելի գործիքը ջարդելուն ուղղված ջանքերին:

Մեր հույսն աշխարհիփոխվելըչէ: Աշխարհը չի փոխվի, եթե ինքներս այն չփոխենք, իսկ դրա համար պիտի շատ բան փոխենք ինքներս մեր մեջ ու մեր հարաբերություններում: Սա է երաշխիքը, որ մեր սերունդները եկեղեցիներ կանգնեցնեն մտքի, ոգու եւ կորովի հաղթանակների, եւ ոչ երբեք` նոր նահատակների հիշատակը անմահացնելու նպատակով:

Սիրիան հայմշակույթի, գիտությանեւ արվեստի կենտրոն է: Սիրիան նաեւ հայ ազգային կյանքի տարածաշրջանային կենտրոն է: Ձեր ավանդը բերեք Սիրիայում գիտության ու բժշկության, կրթության ու մշակույթի, արվեստի ու արհեստների զարգացմանը: Համախմբվե՛ք. համախմբվեք մեծով-փոքրով, կուսակցություններով ու մշակութային կենտրոններով, եկեղեցիներով ու քաղաքային համայնքներով, համախմբվեք ոչ միայն ապրիլի 24-ին: Սա է սերտ ինտեգրման ու երկու հայրենիքները կապելու բանաձեւը: Ինքնության ամրացման բանաձեւը: Մայր գաղթօջախի առաքելությունն ու օրինակը:

Հայ-սիրիական հարաբերությունները է՛լ ավելի սերտ են: Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչություններից էին Դամասկոսում դեսպանությունն ու Հալեպում հյուպատոսությունը, իսկ նորանկախ Հայաստանի առաջին նախագահն իր առաջին պաշտոնական այցելությունը կատարել է հենց Սիրիա: 2009թ. Սիրիայի նախագահն այցելեց Երեւան, ինչը նոր լիցք ու նոր վերելք հաղորդեց հայ-սիրիական բարեկամության եւ համագործակցության զարգացմանը: Իմ այցը Սիրիա նույնպես նոր ամրություն է տալու մեր հարաբերություններին, եւ դա սիրիահայ համայնքի զարգացման կարեւորագույն նախապայմաններից է, որ շարունակական է լինելու»,-ասել է նախագահն իր ելույթում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: