25 մարտի 2010 - 13:02 AMT
2010 թվականը` Շուշիի վերածննդի սկիզբ
Շուշիի Գ.Նժդեհ եւ Ա. Մանուկյան փողոցների հիմնանորոգմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է քաղաքի մի շարք սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների վերականգնումը: Փողոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Հեռուստամարաթոն 2009-ին Ռուսաստանի հայ համայնքի կատարած նվիրատվություններով:

Կոյուղագծի, ջրամատակարարմանեւ ջրահեռացման համակարգերիկառուցումիցհետո փողոցներն ու մայթերը (ընդհանուր երկարությունը շուրջ 950 մ) կասֆալտապատվեն: Փողոցների երկայնքով կտեղադրվեն լուսատուներ: Աշխատանքները կեզրափակվեն փողոցները մայթերից տարանջատող 1,5 մ լայնությամբ սիզամարգերի կանաչապատումով: տեղեկացնում է հիմնադրամի մամլո ծառայությունը:

Ա. Մանուկյան փողոցում է գտնվում նաեւ հրշեջ ծառայության կենտրոնը, 1847 թվականին կառուցված «Կանաչ Ժամը»` Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

«Հիմնադրամն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում Շուշիի ենթակառուցվածքների վերականգնմանը. հույս ունենք, այս կերպ խորացնել շուշեցիների կապը սեփական հողի ու ջրի հետ: Շատ գնահատելի կլիներ, եթե Շուշիի վերածննդին ուղղված աշխատանքները չսահմանափակվեին միայն մեր ծրագրերով»,- ինչպես տեղեկացնում է հիմնադրամի մամլո ծառայությունը, ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: