26 մարտի 2010 - 13:11 AMT
Հայ եւ թուրք դիվանագետների հանդիպումներում Հայոց ցեղասպանության հարցը չի արծարծվել

Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը հայտարարել է, թե իր մասնակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: «Սակայն եթե դա իրականություն է, ապա դա առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ ես ներկա եմ եղել այն հանդիպումներին, որոնց արդյունքում սկսվել եւ շարունակություն է ստացել հայ-թուրքական կարգավորման գործընթացը, երբ որեւիցե պայմանավորվածություն ցեղասպանության եղելության քննարկման մասին չի եղել»,-ասել է Կիրակոսյանը:

Ա.Կիրակոսյանը նշել է նաեւ, որ թե Հանրապետության նախագահը, թե արտգործնախարարը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ Հայաստանը երբեւէ հարցականի տակ չի դրել եւ չի դնելու ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը: «Հայաստանի ԱԳ նախարարն այդ մասին հայտարարել է անգամ 2008 թ. նոյեմբերին Ստամբուլում` Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Բաբաջանի հետ հանդիպումից րոպեներ առաջ: Այսօր, այս հարցի շուրջ որեւէ շահարկում անհարիր է եւ անտեղի»,-ասել է հայ դիվանագետը: