26 մարտի 2010 - 20:02 AMT
«Մայքրոսոֆթ Հայաստանը» կլոր սեղան կկազմակերպի Երեւանում
Մարտի 29-ին «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը կազմակերպում է կլոր սեղան-քննարկում «Փոխհամատեղելիություն կառավարման տեղեկատվական համակարգում» թեմայի շուրջ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության մամլո ծառայությունից, ամենամյա այս միջոցառումը, որն այս տարի Հայաստանում կազմակերպվում է երրորդ անգամ, նպատակ ունի ներկայացնելու ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft ընկերության փորձը եւ քննարկումների միջոցով ներկայացնել, թե ինչպես կարելի է Հայաստանում իրականացնել եւ ապահովել տեղեկատվական համակարգերի փոխհամադրելիությունը:

Կլոր սեղանի ընթացքում նաեւ կքննարկվի, թե ինչպես է հնարավոր ապահովել տարբեր պլատֆորմաների համատեղելիությունը մեկ ընդհանուր համակարգում: «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը տեղական մասնագետներին կներկայացնի, թե ինչ գործիքներ եւ մոտեցումներ կարելի է կիրառել համակարգերի փոխհամատեղելիության համար:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական կառույցների, տեղական եւ միջազգային ընկերությունների նեկայացուցիչներ եւ փորձագետներ: