Հայաստանի նախագահի Վաշինգտոն կատարելիք այցից հետո, որտեղ նա մասնակցելու է գլոբալ միջուկային անվտանգության շուրջ գագաթաժողովին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն էլ ավելի կակտիվանա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, խորհրդարանի պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով, դեռեւս երբեք արտասահմանյան լրատվամիջոցներն այդպես հաճախակի չէին քննարկել Ցեղասպանության հարց` կասկածի տակ չդնելով ինքնին փաստը: Ընդ որում, նա նկատեց, որ անգամ թուրքական հասարակության որոշակի մասը, չնայած բոլոր սպառնալիքներին, ճանաչում է Ցեղասպանությունը:
«Ցեղասպանությունը ճանաչվելու է միջազգային հանրության կողմից, եւ մենք արդեն համոզվել ենք, որ որոշ քաղաքական գործիչների կարծիքներն այն մասին, որ հայ-թուրքական Արձանագրությունները խանգարելու են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սխալ էին»,- նշեց Մկրտիչ Մինասյանը` ավելացնելով, որ հայ-թուրքական գործընթացը նոր սկիզբ տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Մինասյանը հույս հայտնեց, որ հաղթանակելու են 21-րդ դարի պահանջները, եւ երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ են հաստատվելու: «Կամա, թե ակամա Թուրքիան կհասկանա, որ այլընտրանք չունի»,- ասաց Մինասյանը` նշելով, որ ժամանակի ընթացքում աշխարհը կստիպի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` ՀՀԿ անդամն ասաց, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի ԼՍՀ-ին բանակցային գործընթաց վերադարձնել: «Հայաստանը երբեք միակողմանի զիջումների չի գնա»,- ընդգծեց Մինասյանը` ավելացնելով, որ փոխզիջումները նույնպես հնարավոր չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չեն Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցերը: Ընդ որում, նա նշեց, որ առանց ԼՂՀ-ի ղարաբաղյան հակամարտության հարցում վերջնական որոշում չի ընդունվի: