28 մարտի 2010 - 16:36 AMT
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Այս տարի մարտի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն», (Մատթ. 21:15):

Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու եւ կույրերին տեսողություն պարգեւելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա եւ աղաղակելով. «Օվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում - Փառք բարձունքներում», (Մարկ. 10:9-10):

Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի եւ փառքի խորհրդանշան: Ձիթենու եւ արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո:

Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող եւ կենդանություն պարգ-ող:

Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում: