29 մարտի 2010 - 12:29 AMT
Ղարաբաղյան հակամարտության լուծումն անհնար է առանց Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող անձանց հետ

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ առանց Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորման:

Նախագահ Սահակյանը նշել է, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ մոտեցումները, ինչպես նաեւ փոխվստահության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական մերժումը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները: Նախագահը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Արցախի Հանրապետության նախագահը հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներումհակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները նույնպես նշել են, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նախագահը նշել է, որ այն որեւէ առնչություն չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, եւ դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցելու փորձերը բացասական ազդեցություն են ունենում երկու գործընթացների վրա` մտցնելով փակուղի:
Քննարկվել են նաեւ շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, հաղորդում էԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: